Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի  վերջին հարցազրույցին Ադրբեջանի պաշտոնատար անձանց վերջին մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ Բաքուն չի վիճարկում Հայաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունների ճշմարտացիությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց դիվանագիտական աղբյուրը` ընդգծելով, որ մեկնաբանությունները միայն վկայում են, որ ադրբեջանական կողմի համար անընդունելի է միայն Շավարշ Քոչարյանի անձը: «Եթե նրանք չեն ընդունում ճշմարտությունը փորձառու քաղաքական գործիչ Շավարշ Քոչարյանի շուրթերից, կարող են իրենք պարբերաբար հնչեցնել նրա մտքերը»,- նշել է աղբյուրը:

Նշենք, որ մայիսի 12-ին Հաայստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հանդես է եկել հարցազրույցով, որում ի թիվս այլ պահերի, շեշտել է այն հանգամանքը, թե «երբ Ադրբեջանին արդյունք պետք լինի բանակցություններում, նա շփման մեջ կմտնի ԼՂՀ-ի հետ, այլ ոչ թե կփորձի կասկածի տակ դնել նրա գոյությունը, ինչպես դա անում է Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը»: Ի պատասխան ադրբեջանական մամուլում վիրավորական արտահայտություններ հնչեցին փոխարտգործնախարարի հասցեին: