Այսօր՝ մայիսի 16-ին Նյու Յորքի Comex բորսայում ոսկին աննշան թանկացել է՝ 1 տրոյական ունցիան (31,1 գրամ) գնահատվել է 1495,5 դոլար։ Նշենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում ոսկին հիմնականում դրսեւորել է էժանացման միտում՝ ամերիկյան դոլարի արժեւորմանը զուգահեռ։
Ոսկու թանկացման հավանական պատճառներից մեկն էլ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի ձերբակալությունն է։ Այսօր Սթրոս-Կանը պետք է մասնակցեր եվրոպական ֆինանսների նախարարների հանդիպմանը՝ քննարկելու Հունաստանի պարտքային ճգնաժամը։ Վերջինիս պատճառով անվստահություն է առաջացել եվրոյի նկատմամբ՝ եվրոպական արժույթը չափավոր, սակայն կայուն արժեզրկվում է։ Փոխարենը՝ շահում են դոլարն ու ոսկին։
Սթրոս-Կանի փոխարեն եվրոպական նախարարների հետ հանդիպմանը մասնակցել է տեղակալ Նեմաթ Շաֆիկը, սակայն ներդրողների շրջանում անվստահությունը եվրոյի նկատմամբ ավելի խորացել է։ Այս հարցում թերեւս որոշ հստակություն մտցնի ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեի ելույթը։




























