Հայաստանի վերահսկիչ պալատը, ստուգումների արդյունքում, բացահայտումներ է արվել Գյումրիի երկու սոցիալական ծառայություններում:

Այս առնչությամբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Գյումրի այցելության ժամանակ ասել է. «Թեեւ Վերահսկիչ պալատի գործը չէ, հետեւողական լինել ու ճշտել, թե արդյոք, գումարները  վերադարձվո՞ւմ են պետական բյուջե, թե` ոչ, կեղծիքներ թույլ տված  անձինք ենթարկվո՞ւմ են պատասխանատվության, թե` ոչ, սակայն, այնուամենայիվ, Վերահսկիչ պալատը հետեւողական է: Մենք գիտենք, թե յուրաքանչյուր ստուգումներից հետո ինչ գործընթաց է հաջորդում»:

Իշխան Զաքարյանը չի բացառել նաեւ, որ  դարձյալ ստուգումներ լինեն Գյումրիում, թեեւ կոնկրետ ժամկետներ չի մատնանշել: Նրա ներկայացմամբ, այդ ստուգումերի կարիքը կա:

«Անելու ենք այնպես, որ նպաստառուների  եւ թոշակառուների ցուցակները լիարժեք  մաքրվեն, որովհետեւ  խոսքը գնում է  խոշոր յուրացումների մասին»,-ասել է Զաքարյանը, օրինակ բերելով «Հայփոստ» ընկերության կողմից կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտման արդյունքները, որի արդյունքում  2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի տնտեսումը կազմել է 3.3 միլիարդ դրամ:

« Այնպես որ յուրաքանչյուր ստուգում ենթադրում է պետական միջոցների խնայողություն»,-ասել է Վերահսկիչ պալատի նախագահը: