Վրաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ մայիսի 16-ին տեղի է ունեցել ընդդիմադիր Վրացական կուսակցության բողոքի ակցիան: Դրա մասնակիցները բողոքել են Վաշինգթոնի կողմից Սահակաշվիլիին աջակցելու դեմ եւ պահանջել ԱՄՆ-ից ճնշում բանեցնել Վրաստանի նախագահի վրա` ժողովրդավարական ազատությունների ապահովման համար:
Ընդդիմության մյուս մասը դատապարտել էր ակցիան, իսկ մասնակիցներին համեմատել թալիբների հետ, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Պաստառների վրա գրված է եղել «Ամերիկա, զարթնի’ր եւ դադարի’ր օգնել Սահակաշվիլիին», «Սահակաշվիլին ձեր ընտրությունն է, ոչ` մեր»: Միտինգին ելույթ ունեցած Սոզար Սուբարին մեղադրանքներ է հնչեցրել Օբամայի վարչակազմի հասցեին, որ չեն ճնշում Սահակաշվիլիին: «Բավարար է մեկ զանգ Վաշինգթոնից, որ Սահակաշվիլին դադարի ահաբեկել իր ժողովրդին»,- ասել է նա:
Ցույցին մասնակցել է մոտ հարյուր մարդ, փոքր-ինչ ավելի, քան լրագրողները:




























