«Ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Պարոն Մուսաբեկով, շնորհավորում ենք «Եվրատեսիլ-2011»-ում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ: Ըստ Ձեզ` այն հանգամանքը, որ եվրոպական արժեքներ կրող մրցույթն անցկացվելու է Ձեր երկրում, կարո՞ղ է ազդեցություն ունենալ Ադրբեջանի ռազմական հռետորիկայի վրա եւ հնարավո՞ր է, որ սա քայլ էր կանխելու վերահաս պատերազմը:
Կարծում եմ, որ ռազմական հռետորիկան կմեղմվի, բայց պատերազմական գործողություններին իրական պատրաստությունները կշարունակվեն: Ղարաբաղյան խնդիրը մնում է անլուծելի, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում հավերժ համակերպվել հայկական զորքերի կողմից սեփական տարածքների օկուպացիայի հետ եւ այդ մասին շատ խիստ հայտարարել է ու հայտարարում է: Եթե ինչ-որ մեկին կհանգստացնի ռազմական հռետորիկայի նվազումը, ապա խորհուրդ կտայի չգայթակղվել:
Կարծիք կա, որ աշխարհը թույլ չի տա ղարաբաղյան հարցը լուծվի ռազմական ճանապարհով: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին, եւ Ձեր կարծիքով, ստատուս քվոն դեռ ինչքա՞ն կարող է պահպանվել:
Ստատուս քվոն կարող է եւս որոշ ժամանակ պահպանվել, բայց ոչ հավերժ: Այն պահին, երբ Ադրբեջանի ռազմական առավելությունը մեծ վստահություն ներշնչի ռազմական հաջողության համար, եւ եթե, դրա հետ մեկտեղ, ստեղծվի նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակ, ինչպես օրինակ` վատթարանա իրավիճակը Իրանում, որի պատճառով Արեւմուտքը մեր օգնության կարիքը կունենա կամ էլ այդ երկրում դեմոկրատական փոփոխությունների արդյունքում կավելանա ադրբեջանական գործոնը, ապա ռազմական գործողությունների վերսկսումը բավականին սպասելի է: Ռազմական գործողությունները կարող են սկսվել նաեւ անակնկալ, եթե բանակցությունները դադարեցվեն, իսկ հրդադարի խախտման դեպքերն ավելանան:
Ռուսական մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է, որ կա պատերազմի վտանգ, քանի որ Ադրբեջանի կողմից նման ծրագրեր առկա են, եւ երկու սցենարներ է առանձնացրել. կամ Ադրբեջանն ամբողջությամբ գրավում է Լեռնային Ղարաբաղը, ինչը կարող է տեղի ունենալ միայն Ղարաբաղի ժողովրդի բնաջնջման դեպքում, կամ Ադրբեջանը կկորցնի նոր տարածքներ: Պարոն Մուսաբեկով, Ձեր կարծիքով, կարո՞ղ է Ադրբեջանը ռազմական ճանապարհով հասնել իր ուզածին:
Ես չեմ ցանկանում ռազմական հնարավոր սցենարները քննարկել: Դրանք ավելի են, քան սխեմատիկորեն իր հարցազրույցում նշել է Սերժ Սարգսյանը: Ես ռազմական լուծման կողմնակից չեմ, չնայած որպես իրատես քաղաքական գործիչ եւ վերլուծաբան` չեմ կարող այն բացառել եւ քննարկում եմ հավանական տարբեր տարբերակներ:
«Ժամանակ». Ադրբեջանը պատերազմ կսկսի, երբ Իրանում իրավիճակը վատթարանա. Ադրբեջանցի

Հասանելի է
русский


























