Արգենտինայի նախագահական նստավայրում` Վարդագույն տանը, երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշները մայիսի 16-ին ընդունել է հովվապետական այցով Բուենոս Այրեսում գտնվող Գարեգին Բ-ին:
Հանդիպման ժամանակ Արգենտինայի նախագահը բարձր է գնահատել հայերի դերը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, ինչը, ըստ նրա, ամենալավ կամուրջն է հանդիսանում հայ - արգենտինական հարաբերությունների հետագա զարգացման համար:
Գարեգին Բ-ն իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինայի ղեկավարին հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի համար եւ հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն:
Նույն օրը Կաթողիկոսը Բուենոս Այրեսի «Ավենիդա» դահլիճում տեղի ունեցած մշակութային հանդիսության ժամանակ «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշանն է շնորհել արգենտինահայ գործարար եւ բարեգործ, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:
Գարեգին Բ-ն ընդգծել է, որ Էռնեկյանը բազմաթիվ բարեգործություններ է արել Հայ եկեղեցու միջոցով ու նաեւ անուրանալի ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Հաղորդում է «Ազատությունը»:





























