Թեհրանում հայոց թեմի Պատգամավորական ժողովը մայիսի 16-ի երեկոյան ընտրել է թեմի նոր Թեմական խորհուրդը` նախապես կազմված 15 հոգանոց անվանացանկից ընտրելով 11 հոգու: Բացի այդ, լսվել է Թեմական խորհրդի եւ նրան ենթակա մարմինների երկամյա գործունեության զեկուցումները եւ գնահատական տվել դրանց:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թեհրանի «Արաքս» թերթից, նոր թեմական խորհրդի կազմում, ինչպես նախորդում, բացակայում են այլախոհները: Թեհրանի հայկական ամենամեծ «Սասուն» թաղամասից, որտեղ աշխատում է մեկ եկեղեցի, 6 դպրոց, մեկ մանկապարտեզ եւ վեց միություն, ոչ ոք ներկա չէ նոր թեմականում:

Նոր թեմականի կազմում 4-ը նախկին թեմականից են, համեմատական առումով նաեւ ծերացել է թեմականը տարիքային միջինը ավելի բարձր է նախորդից:

Թեմական խորհրդի ընտրությունից հետո Պատգամավորական ժողովը հաստատել է նոր Կրոնական խորհրդի կազմը եւ ապա 9 հոգանոց թեկնածուների ցանկից ընտրել 9 հոգանոց Հաշվեքննիչ մարմին:

Թեհրանի հայոց թեմի պաշտգամավորական ժողովի այս նիստը, վերջին 18 ամիսների համեմատ, ամենամարդաշատ ժողովն էր, որին իրենց մասնակցությունն էին բերել 51 պատգամավոր: