Նոր ժամանակներ կուսակցությունը պահանջում է  անմիջապես կասեցնել կրոնական «քայքայիչ աղանդների» գործունեությունը:

ՆԺԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դեմ տեղի ունեցող անթույլատրելի գործողությունները:

Զորօրինակ, մայիսի 16-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ. Երրորդություն եկեղեցին ենթարկվում է աննախադեպ հարձակման «Եհովայի վկաներ» աղանդի մի խումբ անդամների կողմից: Ցանկանում ենք հիշեցնել, որ պատմությանը հայտնի է հատկապես առաքելական եկեղեցիների դեմ տարբեր օթյակների, աղանդների եւ տարաբնույթ այլ կազմակերպությունների պայքարի մասին, ինչը գլխավորապես նպատակաուղղվել է տվյալ ազգերի հոգեւոր-մշակութային կյանքը խարխլելու համար:

Հայկական որոշ լրատվամիջոցներ տեսակետ են հայտնում, որ բազմաթիվ աղանդների բացահայտ ակտիվությունը հանրապետությունում նախ եւ առաջ արդյունք է Հայկական եկեղեցու հեղինակության անկման եւ նրա առանձին բարձրաստիճան սպասավորների  անընդունելի վարքագծի:

Մենք անթույլատրելի ենք համարում Եկեղեցու նույնացումը նրա ցանկացած սպասավորի հետ, անկախ այդ սպասավորի աստիճանից:

Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակը բացառապես արդյունք է նրա, որ այսօր իշխանությունը փորձում է Եկեղեցին օգտագործել իր քաղաքական նպատակների համար, գրանցում ու թույլատրում է տարբեր կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը Հայաստանում, իսկ Եկեղեցին չի ներկայացնում սոցիալական, հոգեւոր գործունեության հստակ ծրագիր եւ գրեթե դադարել է սոցիալական արդարության համար առաջին դրոշակակիրը լինելուց, ինչը սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում գտնվող ժողովրդի մոտ հուսալքության աստիճանը էլ ավելի է խորացնում:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմական առաքելության իրականացման շարունակականության ապահովման համար ՆԺԿ-ն հայտարարում է.

1. Յուրաքանչյուր ոտնձգություն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու եւ նրա գաղափարի դեմ դիտվել եւ դիտվում է որպես հակաազգային գործունեություն;

 2. Դադարեցնել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին իշխանության քաղաքական նպատակների օգտագործման որպես միջոց օգտագործելը:

 3. Անմիջապես կասեցնել այն կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը, որոնք միտումնավոր խարխլում են պետության եւ Հայ Եկեղեցու հիմքերը: Վերանայել նման աղանդների պետական գրանցման գործող կարգը»: