Մայիսի 15-ից ուժի մեջ է մտել պարզեցված կանոններով վարորդական իրավունքի վկայական ստանալու ընթացակարգը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 17-ի հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Տոնոյանը։
Ըստ նոր կարգի, վկայական ստանալու համար այլեւս կարիք չկա նարկոլոգիական եւ հոգեբուժական դիսպանսերից տեղեկանք ներկայացնել: Բացի այդ, տեսական եւ գործնական հմտություններին տիրապետող վարորդները հատուկ ուսումնական կազմակերպություններում նախնական ուսուցում անցնելու կարիք չունեն:
Վարորդական իրավունքը ստանալու, փոխանակելու կամ վերականգնելու նպատակով 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները կարող են դիմել տարածքային հաշվառման քննական ենթաբաժանմունք:
Պարզեցվել են նաեւ տեսական ու գործնական քննությունները։ Քննությունները կարելի է հանձնել թե մեխանիկական, թե ավտոմատ փոխանցման տուփով ավտոմեքենաներով, իսկ տեսականը` համակարգչով: Դրական է համարվում առաջադրած 10 հարցերի 9-ը ճիշտ պատասխանը:
Ա. Տոնոյանի տեղեկացմամբ, գործնական քննությունը նույնպես պարզեցվել է. այն հանձնվում է միայն ճանապարհային պայմաններում, բացառելով երկու փուլերից մեկը՝ քննությունն ավտոդրոմում: Գործնական քննության արդյունքը հաջող է համարվում, եթե վարորդը կատարում է առաջադրված 8 հանձնարարություններից 7-ը:
Տեսական քննություն հանձնելու համար պետք է ներկայացնել դիմում, անձը հաստատող փաստաթուղթ եւ վճարել պետական տուրք: Օրինական են միայն հետեւյալ վճարները՝ քննության համար պետտուրք՝ 3000 դրամ, ՃՈ արտաբյուջե ծառայության վճար՝ 10 հազ. դրամ, վարորդական իրավունքի վկայականի պետտուրք՝ 12 հազ. դրամ։
Պարզեցված կարգերի շնորհիվ, ըստ Ա. Տոնոյանի, կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի։ Իսկ դրանց առկայության դեպքում կարելի է զանգել 1-77 թեժ համարով։
Ա. Տոնոյանը տեղեկացրեց նաեւ, որ վարորդական իրավունքի նախկին՝ խորհրդային ժամանակների վկայականը փոխանակելու վերջնաժամկետը 2011 թ. դեկտեմբերի 31-ն է:




























