«Երեւակայության գավաթ» 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակչի մասնակիցներն այցելել են «ԱրմենՏել» ընկերություն եւ նվերներ ստացել:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԱրմենՏել» ընկերությունից եզրափակչի մասնակից թիմերը ստացել են նեթբուքեր եւ հուշանվերներ:
«Երեւակայության գավաթ» 2011թ-ի ազգային փուլում հաղթած X-Tech թիմը, որը ներկայացրել է Teach Me Now ծրագիրը, Նյու Յորք քաղաքում կմասնակցի Microsoft ընկերության կողմից կազմակերպված մրցույթի միջազգային փուլին:
«Շատ ուրախ ենք ողջունել «ԱրմենՏելի» հարկի ներքո երիտասարդ սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներին` ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ հաղորդակցության բնագավառի մենեջերներին: Ապագայում մենք կյանքի կկոչենք նորարարական ծրագրեր, իսկ ոմանց արդեն իսկ բախտ է վիճակվել ներկայացնելու իրենց ծրագիրը Նյու Յորքում կայանալիք 2011թ-ի «Երեւակայության գավաթ» միջազգային եզրափակիչ մրցույթում: Վստահ եմ, հաղթելու ցանկությունը եւ ոգեւորությունը կբացեն ձեր առջեւ լավագույն հեռանկար, իսկ տաղանդը կարտահայտվի ամբողջությամբ», - նշել է «ԱրմենՏելի» ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը:
«Երեւակայության գավաթը» աշխարհի ամենամյա միջազգային տեխնոլոգիական մրցույթ է, որը կազմակերպվում է Microsoft-ի եւ այլ ընկերությունների աջակցությամբ: «Երեւակայության գավաթի» հիմնական թեման ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով ժամանակակից հիմնախնդիրների լուծումն է: Նախորդ տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 325000 ուսանող 100 երկրից:





























