«Իսկ դուք ի՞նչ եք կարծում` մարդիկ ուզո՞ւմ են պատերազմել»,-այսպիսի հարցադրում են արել ադրբեջանական «Զերկալո» թերթի հիմնադիր Ռաուֆ Միրգադիրովին հայ լրագրողները`Երեւանում կազմակերպված «Կովկաս-2010» խորհրդաժողովի ժամանակ: «Մարդիկ, իհարկե, չեն ցանկանում պատերազմել»,-նկատել է Միրգադիրովը` հավելելով, որ այդ հարցը պետք է դիտարկել միջին վիճակագրական ադրբեջանցու դիտանկյունից:
«Ցանկալի կլիներ ամեն ինչ լուծել խաղաղ ճանապարհով, սակայն եթե այդկերպ հնարավոր չէ, ի՞նչ անել»,- հարց է հնչեցրել ադրբեջանցին ու շարունակել, որ հենց այդ պատճառով էլ տվյալ հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել: Անվերջ սպասել հնարավոր չէ, սակայն ընտրության հնարավորություն չկա:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը` «չկա կարգավորված խնդիր, չկա համագործակցություն», Միրգադիրովը նշեց, որ դրան նորմալ է վերաբերում:
«Համագործակցությունը եւ երկխոսությունը տարբեր հասկացություններ են: Ես հաճախ եմ Հայաստան այցելում, սա առաջին անգամը չէ»,-նշեց լրագրողը: Բացատրելով Ադրբեջանի` նման պաշտոնական դիրքորոշման պատճառները, նա նշեց, որ ինչպես հայերի մեծամասնությունն, այնպես էլ ադրբեջանցիների 99 տոկոսը համարում է, որ Լեռնային Ղարաբաղն իրեն է պատկանում: «Այս առումով դժվար է խոսել համագործակցության մասին. Ադրբեջանն ինչպե՞ս կարող է նպաստել հակառակորդ երկրի կայացմանը: Երկխոսության պատրաստ ենք, պատրաստ ենք շփվել: Եթե չենք կռվում, ապա պետք է խոսենք, քանի դեռ լուծում չենք գտել»,-կարծում է լրագրողը:
Արձագանքելով դիտարկմանը, թե «երկխոսությունը» հաճախ միակողմանի բնույթ է կրում, որ Հայաստանի ներկայացուցիչներին հաճախ թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան, Միրգադիրովը նշեց, որ նման խնդիր իրոք եղել է. «Սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվում է»: Նրա խոսքով, շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը վկայում են, որ կոնֆլիկտը կարող է ցանկացած պահի թեւակոխել թեժ փուլ: Լրագրողի խոսքով, երկու կողմերն էլ մեղավոր են հրադադարի խախտման հարցում, եւ նրանց գործողությունները միմյանցից գրեթե չեն տարբերվում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին ուղղված կոչին` շփման գծից հանել դիպուկահարներին, ապա լրագրողը նկատել է, որ միջնորդները որքան ուզում են` կարող են կոչեր անել, սակայն չեն կարող պահանջել հանել դիպուկահարներին:




























