Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել «Երեւանի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների եւ հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման արգելման մասին»:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս որոշման հիմքում դրվել է հանրային սննդի օբյեկտներում եւ հասարակական տրանսպորտում ծխախոտի ծխից մարդկանց կյանքի եւ առողջության համար վնասակար ազդեցությունը նվազեցնելու համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Որոշման համաձայն, քաղաքային տրանսպորտում արգելվում է ծխախոտի օգտագործումը: Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետին առաջարկվում է ուժեղացնել հսկողությունը քաղաքային տրանսպորտում ծխախոտի օգտագործման դեպքերի նկատմամբ եւ զանցառուներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաեւ հանձնարարվում է «Երեւանտարանս» ՓԲԸ-ին հսկողություն իրականացնել քաղաքային տրանսպորտում ծխախոտի օգտագործման նկատմամբ եւ պայմանագրային պարտավորության խախտման դեպքում՝ խախտում թույլ տված անձանց ենթարկել պայմանագրով նախատեսված պատասխանատվության:

Երեւանում հանրային սննդի ծառայություններ իրականացնողներին առաջարկվում է հանրային սննդի օբյեկտներում ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ: