Հայ ազգային կոնգրեսն այսօր` մայիսի 17-ին նոր գրասենյակ է բացել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

«ՀԱԿ-ի գործերը հիմա շատ լավ են»,- Արթիկում գրասենյակի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, նշելով, որ ՀԱԿ-ն արդեն ավելի քան 40 գրասենյակ ունի, որոնցից յուրաքանչյուրը տվյալ բնակավայրում ընդդիմադիր ճակատի կենտրոնական գրասենյակն է համարվում:

«Կոչ եմ անում այս տարածաշրջանում էլ ձեւավորել կուռ թիմ»,-ասել է Լեւոն Զուրաբյանը`չբացառելով,  որ ՀԱԿ-ը պատրաստվում է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություների: Ըստ Զուրաբյանի` ինչքան ակտիվ լինեն, այնքան ավելի կմոտեցնեն իշխանափոխության օրը:

«Քաղաքացիները մեզ հաճախ են հարցնում. «Կարո՞ղ է Կոնգրեսը հրաժարվի արտահերթ ընտրությունների գնալու մտքից»: Դա բացառվում է»,-ընդգծել է ՀԱԿ համակարգողը:

Արթիկցիների այն նկատառմանը, թե երկխոսություն է սկսվել իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը պատասխանել է. «Շան հետ ընկերություն արա , փայտը ձեռքիցդ մի գցի արտահայտությունը լավ ենք հիշում»:

Ներկաներին բաժանվել են ՀԱԿ-ի թռուցիկներ, որոնցում նախապես արդեն նշված է, որ մայիսի 31-ի հանրահավաքում նախատեսվում են քաղբանտարկայլներ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ելույթները:

Վստա՞հ են արդյոք կոնգրեսի ներկայացուցիչները, որ իսկապես մայիսի 31-ին նրանք ազատության մեջ կլինեն, հարցին Լեւոն Զուրաբյանը հայտարարել է. «Իհարկե վստահ ենք : Եթե ոչ, չսկսված երկխոսությունը կդադարեցվի»: