ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի կարծիքով՝ Վաշինգտոնը չպետք է փորձի գործարկել Թեհրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցներին վերադառնալու ընթացակարգը։ Նա այսպիսի կարծիք է հայտնել The New York Times պարբերականի էլեկտրոնային տարբերակում կիրակի հրապարակված մեկնաբանության մեջ։
Բոլթոնն արձանագրել է, որ ԱՄՆ-ն այլեւս իրանական միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի կողմ չէ։ «Թրամփը ճիշտ վարվեց, երբ 2018 թվականի մայիսին դուրս եկավ համաձայնագրից»,- նշել է ԱՄՆ առաջնորդի նախկին խորհրդականը։
Նա հավելել է՝ «նրանք, ովքեր հանդես են գալիս համաձայնագրի աջակցությամբ, հայտարարում են, որ Վաշինգտոնը, գործարքից դուրս գալով, զրկվել է դրա դրույթներին դիմելու հնարավորությունից»։
«Նրանք իրավացի են։ Չափից ավելի հարմար կլիներ պնդել, որ մենք համաձայնագրին մասնակցում ենք կիսով չափ՝ այն նպատակներով, որոնք ցանկանում ենք, բայց ոչ այն, որոնք մեզ հարկավոր չեն»,- ասել է նա։
Բոլթոնը Իրանի դեմ ԱՄՆ խիստ քաղաքականության կողմնակից է։ Նա հանդես է եկել ՀՀԳԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու օգտին։ Թրամփի նախկին խորհրդականը կարծում է, որ ԱՄՆ-ն ՀՀԳԾ-ին «լեգիտիմություն է հաղորդում»՝ փորձելով գործարկել Թեհրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցներին վերադառնալու ընթացակարգը։
Թրամփը շաբաթ հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը կսկսի աշխատել ՄԱԿ հակաիրանական պատժամիջոցներին վերադառնալու ընթացակարգի գործարկման վրա։ Այս նպատակով ԱՄՆ-ն կարող է փորձել գործարկել ՀՀԳԾ շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը։ Վաշինգտոնը համաձայնագրից դուրս է եկել 2018 թվականի մայիսին, որից հետո հայտարարել է Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ սկսելու մասին։
Օգոստոսի 14-ին Իրանի դեմ զենքի էմբարգոյի ԱՄՆ բանաձեւը ՄԱԿ Անվտանգության խորհրդում անհրաժեշտ թվով ձայներ չէր ստացել։





























