Իրանի իշխանությունները թույլատրել են Կանն մեկնել երկու քաղբանտարկյալ-ռեժիսորներից մեկին՝ Մոհամադ Ռասուլոֆին, ում ֆիլմերը մասնակցում են Կաննի այս տարվա կինոփառատոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրանական ISNA գործակալությանը։
Հակակառավարական քարոզչության համար Ռասուլոֆը մեկ այլ ռեժիսորի՝ Ջաֆար Փանահիի հետ ձերբակալվել էր 2010 թվականի մարտին։
Ռասուլոֆի «Ցտեսություն» ֆիլմը պատմում է թեհրանցի փաստաբանի մասին եւ ընդգրկված է «Հատուկ հայացք» ծրագրի մեջ։ Ֆիլմի շնորհանդեսը կայացել է մայիսի 14-ին։
Ինչ վերաբերում է Փանահիին, ապա նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման, իսկ բանտից դուրս գալուց հետո 20 տարի չի կարողանա ֆիլմ նկարահանել եւ հանդիպել լրագրողների հետ։





























