Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զինամթերքի պակաս չի եղել:

«Մենք այսօր չենք քննարկում հանձնաժողովի ղեկավարի եւ անդամների հայտարարությունները: Կրկնում եմ՝ այդ թեմայով հարցեր կարող եք ուղղել, երբ հանձնաժողովը ներկայացնի զեկույցը»,-նշել է Սերժ Սարգսյանը:

«2016-ի ապրիլին մենք առաջին անգամ օգտագործել ենք այնքան սպառազինություն, որքան հարկ են համարել հրամանատարները: Պակաս չի եղել: Եղել են որոշ խնդիրներ, սակայն դա խոչընդոտ չէր հաղթական գործողությունների համար: Ձեզ եւ բոլորի համար, ում հետաքրքրում է վառելիք, սննդի հարցը, հայտնեմ, որ դեռ 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ մենք Իրանից մեծ քանակությամբ դիզվառելիք, բենզին եւ հաց ենք ներկրել: Դրանք ոչ միայն մինչեւ ապրիլյան պատերազմ, այլ մինչեւ իմ հրաժարականի օրը եղել են որպես պետական ռեզերվներ:

Բացի այդ, ՊՆ-ն մշտապես կուտակել եւ ապրիլյանի պատերազմի նախօրեին ունեցել է բավարար անձեռնմխելի պաշար»,-հավելել է նա՝ նշելով, որ վառելիքի մասին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը կարելի է պարզաբանել զեկույցի հրապարակումից հետո:

«Այո, մենք չենք ունեցել եւ տեւական ժամանակ չենք ունենալու բոլոր լավագույն զինատեսակները, բայց միշտ եղածով մենք կատարել ենք մեր խնդիրը, եւ վստահ եմ, որ միշտ այդպես էլ լինելու է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: