Ռուսաստանը Նորվեգիային բողոք է հայտնել՝ կապված այդ երկրում ՌԴ առեւտրային ներկայացուցչի տեղակալի ձերբակալության հետ, հայտարարել է Օսլոյում ռուսական դեսպանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«2020 թվականի օգոստոսի 15-ին Նորվեգիայի քաղաքացու հետ հանդիպման ժամանակ Անվտանգության ոստիկանական ծառայությունն անհիմն ձերբակալել է առեւտրային ներկայացուցչի տեղակալին։ Նրան խուզարկել են՝ հնարավորություն չտալով կապ հաստատել դեսպանատան հետ կամ դեպքի վայր կանչել հյուպատոսական բաժնի աշխտակցին։ Մենք Նորվեգիայի ԱԳՆ-ին բողոք ենք հայտնել՝ կապված դիվանագետի կարգավիճակի խախտման հետ»,- նշված է ՌԴ ԱԳՆ Facebook-ում հրապարակված դեսպանության մեկնաբանության մեջ։

Դիվանագիտական առաքելությունից ընդգծել են, որ «Ռուսաստանում, իհարկե, հետեւություններ կկատարեն»։

Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայությունը (PST) ավելի վաղ հայտնել էր 50-ամյա տղամարդու ձերբակալության մասին, ում կասկածում են պետական գաղտնիքի փոխանցման մեջ, որն իբր հանդիպել էր «ռուսաստանցի հետախույզի» հետ։ Այդ տվյալների համաձայն՝ նրան ձերբակալել են օգոստոսի 15-ին Օսլոյում։ Նրան մեղսագրվում է արտասահմանյան պետությանը տեղեկության փոխանցման հանցանք, որը «կարող է վնասել Նորվեգիայի հիմնարար շահերը»։ Ըստ այս մեղադրանքի՝ նրան կարող է սպառնալ մինչեւ 15 տարվա բանտարկություն։