Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան վերածվել է մոլորված փամփուշտի՝ տարածաշրջանում չափազանց ընդլայնելով իր իշխանությունը եւ ավելի շատ ամփոփվելով մեկուսացման մեջ, գրում է Times թերթի դիվանագիտական խմբագիր Ռոջեր Բոյսը:

Էրդողանը կարող է իրեն համարել «աշխարհի տիրակալ», ինչի մասին է վկայում Տրիպոլիում Լիբիայի կառավարությանը ռազմական աջակցությունը, Սիրիայում եւ Իրաքում քրդերի դեմ պայքարը եւ Միջերկրական ծովում նավի տեղակայումը: Տարածաշրջանային տերությունները եւ Արեւմուտքը դիմակայում են Թուրքիային արեւելյան Միջերկրական ծովում, որտեղ մի շարք երկրներ մրցակցում են ածխաջրածինային պաշարների իրավունքների համար, իսկ Թուրքիան նավեր է տեղակայել բաժանված Կիպրոս կղզու մոտ վիճելի ջրերում նավթի եւ գազի որոնման համար:

Ֆրանսիան մեծացրել է ջրերում իր ռազմածովային ներկայությունը եւ կարող է այն օգտագործել հունական նավերին օժանդակելու համար, որոնք փորձում են դադարեցնել նավթի եւ գազի թուրքական հետախուզությունը այն ջրերում, որոնց հանդեպ հավակնություններ ունի Աթենքը: Միաժամանակ Հունաստանը նաեւ համաձայնագիր է ստորագրել Եգիպտոսի հետ ծովային տարածքների սահմանազատման վերաբերյալ:

Տարածաշրջանի այլ վայրերում, օրինակ՝ հարեւան Սիրիայում Թուրքիան պահպանում է ռազմական ներկայությունը եւ նոր ռազմական գործողություն է սկսել Իրաքում՝ փորձելով հարվածներ հասցնել քրդական ուժերին: Անկարան նաեւ ռազմական աջակցություն է ցուցաբերում Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը։

«Թշնամիների եւ քավության նոխազների մշտական որոնումը հոգնեցնում է նույնիսկ Էրդողանի կողմնակիցներին եւ նրան տարածաշրջանում թողել է գրեթե առանց ընկերների»,- նշել է Բոյսը։

Իսրայելի հետախուզության ղեկավար Յոսի Կոհենը անցած տարի Պարսից ծոցի երկրների իր գործընկերների հետ Իրանի մասին զրույցի ընթացքում ասել է, որ իրական սպառնալիքը գալիս է Թուրքիայից, գրում է Բոյսը: Ըստ նրա, Թուրքիայի հարկադիր դիվանագիտությունը, որը անզգուշորեն հաշվարկված ռիսկ է Մերձավոր Արեւելքում, մարտահրավեր է նետում Արեւելյան Միջերկրական ծովում ռազմավարական կայունությանը»: