Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքէջից։

Նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ամրագրմանը ՀՀ Սահմանադրության մեջ, գործնականում Հայաստանում պահպանվում է գենդերային թաքնված խտրականությունը: Այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների  ժամանակակից միտումներին:

Միաժամանակ, Հայաստանը կանանց աղքատության մակարդակով եւ իշխանության մարմիններում ներկայացվածության թվաքանակով դեռեւս հետ է մնում Եվրոպայի եւ աշխարհի շատ երկրներից: Տարբեր փորձագիտական ուսումնասիրություններ կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների իրացման ոլորտում վկայում են, որ գենդերային անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց եւ տղամարդկանց անհավասար վիճակն է, եւ հասարակության մեջ պահպանվող եւ նույնիսկ ամրապնդվող գենդերային դերերի ավանդական ընկալումները:

Ի դեպ՝ ներկայացված ծրագրում նշված է, որ հատուկ միջոցներ ձեռք կառնվեն՝ ապահովելու կանանց 30 տոկոս ներկայացվածությունը օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում: