Comparitech ընկերության մասնագետները համացանցում Instagram-ի, TikTok-ի եւ YouTube-ի հարյուր միլիոնավոր օգտատերերի պրոֆիլների տվյալների չպաշտպանված բազա են հայտնաբերել: Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, համացանց է արտահոսել 235 միլիոն հաշիվների սեփականատերերի տեղեկատվությունը:
Բազան օգոստոսի 1-ին հայտնաբերել է Comparitech-ի կիբեռպաշտպանության բաժնի ղեկավար Բոբ Դյաչենկոն: Բոլոր երեք կայքերի կանոններն արգելում են այդպիսի տվյալների բացահայտումը նույնիսկ հանրային մատչելի պրոֆիլներից, հայտնում է Lenta-ն:
Արխիվը պարունակում է ավելի քան 192 միլիոն գրառում՝ Instagram-ից, 42 միլիոն՝ TikTok-ից եւ գրեթե 4 միլիոն՝ YouTube-ից: Տվյալների բազայում հասանելի են եղել օգտատերերի լոգինները, ամբողջական անունները, կոնտակտային տվյալները, լուսանկարները։
Այն պարունակել է նաեւ բաժանորդների վերաբերյալ վիճակագրություն՝ նրանց քանակը, միջին տարիքը, սեռը, գտնվելու վայրը, «լայքերի» քանակը: Մոտավորապես հինգից մեկում եղել է հեռախոսահամարը կամ էլփոստի հասցեն:
Դյաչենկոյի կարծիքով՝ բազան կապված է այժմ փակված Deep Social ընկերության հետ: 2018-ին Facebook-ը եւ Instagram-ը արգելել էին նրանց աշխատել իրենց հարթակներում՝ օգտատերերի հաշիվներից տվյալները հանելու համար:
Հարցմանն ի պատասխան՝ Deep Social-ում խնդրել են կապվել Social Data ընկերության հետ, որը զբաղվում է հայտնի բլոգերների մասին տեղեկատվությունը մարքեթինգային ընկերություններին վաճառելով: Social Data-ում հերքում են Deep Social-ի հետ ցանկացած կապ: Social Data-ի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ տվյալների շտեմարանի ձեւավորումը անօրինական չի համարում, քանի որ «այդ բոլոր տվյալները հասանելի են յուրաքանչյուր մարդու, ով օգտվում է ինտերնետից»:
Մայիսին հաղորդվել էր, որ Instagram-ի մոտ 50 միլիոն բլոգերների տվյալները հասանելի են դարձել համացանցում: Օգտատերերի մասին տեղեկություններով տվյալների բազան հայտնաբերել էր կիբեռանվտանգության մասնագետ Անուրագ Սենը: Այն պարունակում էր նաեւ գաղտնի տեղեկատվություն:





























