ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 18-ին այցելել է Բերձոր շրջկենտրոն, որտեղ մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
ԼՂՀ նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ Բերձորի ազատագրումը ռազմական, քաղաքական եւ հոգեբանական կարեւոր հաղթանակ էր ողջ հայ ժողովրդի համար, առանց որի անհնարին կլիներ պաշտպանել մեր երկրի անկախությունն ու ազատությունը:
Նա ընդգծել է, որ առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության գոյատեւումը: Բակո Սահակյանը Քաշաթաղի զարգացումը համարել է համահայկական կարեւորություն ունեցող ռազմավարական խնդիր, ընդգծելով, որ պետությունը կանի հնարավորը նրա շենացման ուղղությամբ:
Միջոցառումներին մասնակցել են հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից:





























