ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը` Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, այցելել է Թել-Ավիվ եւ հանդիպել Սոցինտերնի մաս կազմող կուսակցությունների հետ: Պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սոցինտերնի Իսրայելի Աշխատավորական կուսակցության անդամ, երկրի առաջին արաբ նախարար Ղալեբ Մաջադլեի հետ:

ՀՅԴ մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկման հիմնական թեմաներն են եղել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գալիք խորհրդարանական քննարկումները, Թուրքիայի` տարածաշրջանային դերի բարձրացումը եւ հայ-իսրայելական հարաբերությունները:

Մաջադլեն իր աջակցությունն է հայտնել Հայ Դատին եւ նշել, որ ՀՅԴ-ի եւ իր կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները շատ կարեւոր են, եւ դրանք հարկավոր է հաճախակի դարձնել:

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է նաեւ իսրայելական «Մերեց» կուսակցության խոսնակ Չաիմ Աուրոնի եւ Կնեսետի պատգամավոր Զեեւ Էլկինը, որը մշտապես հանդես է գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով,  դարձյալ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` Իսրայելի արտգործնախարարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը եւ չխոչընդոտի  Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունմանը: