Սևանում ձկնորսության նոր սահմանափակումները զբաղվածության լուրջ խնդիր են առաջացնելու Գեղարքունիքի մարզում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ձկնորս Վախթանգ Ստեփանյանը։
«Սա մի ամբողջ մարզի հարց է։ 1300 հատ լոդկա կա, որ ձուկ է բռնում, ամեն մի լոդկայի վրա 2 հոգի է աշխատում, այսինքն՝ 2600 հոգին ամեն մեկն իր հերթին ընտանիք է պահում։ Մի 8000 հոգի էս Սևանով է ապրում։ Պիտի ապրի, չէ՞, էս մարզը ոչ հող ունենք, որ արարատցիների նման ձմերուկ ու ծիրան ցանենք, ոչ մի բան չունենք։ Եթե ձեռք չի տալիս, թող էս ջուրը տանեն էնտեղ, մեզ էլ դաշտավայր անենք, ձմերուկ ցանենք, հանենք՝ ծախենք»,- ասաց նա։
Նշենք, որ ավելի վաղ նրանք երկկողմանի փակել էին Սևան-Երևան մայրուղին, քանի որ տուգանվել էին, նրանց ձկնորսական ցանցերն առգրավվել էին։
2020թ․-ի հունիսի 18-ի Կառավարության որոշմամբ թույլատրվել է Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս անել, բայց միայն այն դեպքում, երբ ձուկը 500 գրամից ոչ պակաս է կշռում։ 1 կգ-ի համար բնօգտագործման վճար է սահմանվել 65 դրամը։ Որսը թույլատրվելու է բացառապես 40 սմ-անոց և ավելի խոշոր ցանցավանդակներով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա: Որսը կիրականացվի մինչև 2020թ.-ի հոկտեմբեր ամիսը, ձվադրման սեզոնին սիգի որսը դարձյալ կարգելվի:
Ձկնորսները մայրուղին բացեցին մարզպետի հետ ունեցած երկխոսությունից և պայմանավորվածությունից հետո, որ նրանք պետք է իրենց պայմանները գրավոր ներկայացնեն Շրջակա միջավայրի նախարարությանը և հաջորդ շաբաթ պատասխան ստանան։
«Մեր պայմանն էն է, որ եթե ես ու ընկերս լիճ ենք մտնում, ամսական պետությանը իքս գումար մուծենք, ոչ թե Ազգային պարկին կամ Ոստիկանությանը։ Եթե չմուծեմ, թող գան ասեն՝ ինչի՞ չես մուծել, վեր կաց լճից գնա»,- ասաց Վախթանգ Ստեփանյանը։
Հավելենք նաև, որ օգոստոսի 19-ին, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարարել էր, որ սիգի համար մինչև 200 տոննա թույլատրելի քանակից շուրջ 150-ն արդեն բաշխվել է տնտեսվարողների միջև։ «Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր են կնքել շուրջ 110 տնտեսվարողներ՝ 110 ֆիզիկական և իրավաբանական անձինք և ընդհանուր սահմանաչափը հասել է շուրջ 150 տոննայի»,- ասել էր նա:











