Այսօր` մայիսի 18-ին տեղի է ունեցել Տարածքային կառավարման նախարարության արդիականացված կայքի` www.mta.gov.am-ի շնորհանդեսը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կայքը հանրությանն ապահովում է նախարարության, մարզպետարանների գործունեության եւ համայնքային բյուջեների կատարողականի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությամբ: Կայքն ունի նոր տեսք, հնարավորինս հաշվի են առնվել ժամանակակից տեխնիկական լուծումները, որոնք թույլ են տալիս մեծ ծավալով տեղեկատվությունն առավել մատչելի դարձնել հանրությանը:
ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի տեղակալ Ջոն Սեոնգը նշել է, որ նոր կայքը նախարարության էլեկտրոնային կառավարման եւ հանրային իրազեկման գործընթացում առաջընթաց է, որը համապատասխանում է տեղեկատվության ազատության միջազգային չափանիշներին: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը կարեւորել է այն փաստը, որ կայքում հրապարակված են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարեւորություն ունեն։
ՏԿՆ կայքի միջոցով հնարավոր է անցում կատարել մարզպետարանների տեղեկատվական պորտալներ, որոնց բարեփոխման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են եւ նախատեսվում է, որ կավարտվեն 2011թ. սեպտեմբերին:




























