Սլովակիայի ամենահայտնի շաբաթաթերթերից «Տիժդեն»-ը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հոդվածի հեղինակը` հայտնի լրագրող եւ ֆոտոթղթակից Անդրեյ Բանը, երկշաբաթյա այցով եղել է Հայաստանում եւ Ղարաբաղում` արցախյան հիմնահարցն եվրոպական լայն զանգվածներին ներկայացնելու նպատակով:

Ցեղասպանության շուրջ հոդվածը տեղավորված է շաբաթաթերթի կենտրոնական էջերում եւ ներկայացված է վեց լուսանկարներով, որոնցից մեկը գրավում է երկու էջ: Հատկապես ցնցող է ստացվել «Երեւան 23-ը ապրիլի 2011. նրանց նախնիները ցեղասպանություն են ապրել» խորագրով լուսանկարը, որի կենտրոնում ջահը ձեռքին կանգնած հայ պատանին է: Հոդվածը ներկայացված է ջերմ եւ զգացմունքային տոնայնությամբ ու կոչ է հանդիսանում համայն մարդկությանը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման պահանջով: Հոդվածագիրը տարակուսանք է հայտնում հատկապես Հայոց ցեղասպանության ընդունման շուրջ գերտերությունների այսօրվա վերաբերմունքի կապակցությամբ: Նույնիսկ մասերից մեկի վերնագիրը հետեւյալն է «Օբաման 100-ամյա այս ոճիրը ընդամենը անվանում է «գազանություն»: Այս հատվածում ցավով է նշվում, որ ԱՄՆ Կոնգրեսը քաջություն չունի դեռեւս պաշտոնապես հաստատելու Հայոց ցեղասպանության փաստը, երբ Սլովակիան արդեն 2004թ-ին այն ճանաչել է: Եվ սա այն դեպքում, երբ ազգությամբ հրեա Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» իրավաբանական եզրը պատրաստելուց օգտվել էր հենց Հայոց ցեղասպանության փաստերից:

Անդրեյ Բանը լուսանկարների բարձրարվեստ ալբոմի հեղինակ է, որտեղ ներկայացված են վերջին տարիներին աշխարհի բոլոր թեժ կետեր նրա այցելությունների ժամանակ կատարված լուսանկարները: Հայաստան նա ժամանել է Ճապոնիա կատարած իր երկշաբաթյա աշխատանքային այցից հետո` այս, Հայաստան եւ Արցախ այցերի ընթացքում պատրաստած լուսանկարները հաջորդ գրքում զետեղելու նպատակով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամուլի քարտուղարությունից: