Ես կլինեմ, թե որեւէ այլ սուբյեկտ, ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածուն պետք է գիտակցի, որ պատասխանատվության շատ մեծ բեռ է վերցնում, որովհետեւ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին ամիսներին տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, եւ չեմ բացառում, որ անկախ այս ընտրության փուլից, հաջորդեն պրոցեսներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության հետ  հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Էդգար Շաթիրյանը, որը կարող է լինել  Սահմանադրական դատարանի դատավորի՝  կառավարության թեկնածուն:

«Ես, որպես իրավաբանական համայնքի ներկայացուցիչ իմ մասնագիտական դիրքորոշումը բազմիցս ներկայացրել եմ, եւ ցանկանում եմ արձանագրել, որ այդ հարցի առնչությամբ իմ դիրքորոշումը չի փոխվել», ասել է նա։

Ամբողջապես իրավակա՞ն գործընթաց էր այն, ինչ տեղի ունեցավ ՍԴ շուրջ, հարցին արձագանքելով, Էդգար Շաթիրյանն ասել է, թե այս պահին այո կամ ոչ ասելու դեպքում իր պատասխանը կլինի ոչ ամբողջական, քանի որ այո կամ ոչ ասելու դեպքում, պետք է ներկայացնես պատշաճ հիմնավորումներ։

«Այդպիսի հիմնավորումներ ես ներկայացրել եմ, այլ հարց է, թե ինչ շրջանակների համար են այդ մոտեցումները եղել ընդունելի», ասել է իրավաբանը։

Է.Շաթիրյանն ասել է նաեւ, որ տեղյակ չէ «Իմ քայլը»  խմբակցության հետ  հանդիպումն ինչ ձեւաչափով է լինելու եւ ովքեր են լինելու այդ հանդիպմանը.

«Ենթադրում եմ որ գերակշռող մեծամասնությունը կլինեն իշխող խմբակցության պատգամավորները։ Ենթադրվում է, որ կլինեն մոտեցումների, դիրքորոշումների հստակեցումներ։ Կներկայացնեմ իմ դիրքորոշումները, մնացածը կառավարության իրավասության դաշտում է», նշել է նա։