Ժամանակակից աշխարհում ամենատարածված շինանյութը բետոնն է, բայց այն ունի այնպիսի էական թերություն, ինչպիսին ածխածնի նշանակալի հետքն է: Բետոնի արտադրությանն, ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության վիճակագրության, ընկնում է ածխաթթու գազի ընդհանուր արտանետումների յոթ տոկոսը: Հետեւաբար գիտնականները շինարարության համար նոր հեռանկարային նյութեր են փնտրում: Նման նյութ կարող է լինել կավը, որը կարելի է օգտագործել որպես հումք՝ 3D շինարարական տպիչների համար, հայտնում է Planet-today-ը:

Տեխասի A&M համալսարանի աշխատակիցները հրապարակել են գիտական աշխատանք, որում դիտարկել են 3D տպիչի համար հողի վրա հիմնված շինանյութի օգտագործումը: Վերջինը օգտագործվում է շենքի հիմնական կառույցը ձեւավորելու համար:

Ամերիկացի գիտնականները փորձարկել են կավի վրա հիմնված նյութ` նատրիումի սիլիկատի խառնուրդով։ Հավելանյութը թույլ է տալիս խառնուրդին հեշտությամբ հոսել 3D տպիչով, այնուհետեւ արագ պնդանալ: Կավը, ինչպես նշել են գիտնականները, նոր նյութի հիմնական բաղադրիչն է, սակայն հավելանյութերի բաղադրությունը կարող է տատանվել լայն միջակայքում։

«Կավը եւ շինարարական 3D տպիչները կարող են էապես էժանացնել եւ արագացնել շենքերիի կառուցումը: Տեղական հող օգտագործելու դեպքում նյութերը տեղափոխելու կարիք չի լինի, ինչը կնվազեցնի ոչ միայն ծախսերը, այլեւ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,- ասում են մասնագետները: