Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգանում են, եւ համագործակցության ոլորտները ներառում են ոչ միայն արտաքին քաղաքականությունը կամ առեւտրատնտեսական հարաբերությունները, այլ նաեւ Հայաստանի ներքին բարեփոխումները: Այս մասին այսօր` մայիսի 18-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ  Հայաստանը պատրաստակամ է եվրոպական փորձի հիման վրա եւ ԵՄ աջակցությամբ շարունակել բարեփոխումների ուղին:

Եժի Բուզեկի խոսքով, Եվրոպայում հավատում են Հայաստանի բարեփոխումների հաջողությանը, որը լավ օրինակ կարող է դառնալ այդ ճանապարհն ընտրած այլ երկրների համար:  Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը մշտապես կապված է եղել Եվրոպայի հետ: «Դուք միշտ եղել եք Եվրոպայի մաս ձեր ողջ պատմության ընթացքում»,-ասել է Եժի Բուզեկը: