ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը 238 նիստերից 237-ում բացակայել է՝ գլխավորելով խորհրդարանի ամենաանկարգապահ պատգամավորների տասնյակը։ Այդ մասին կարելի է տեղեկանալ parliamentmonitoring.am կայքից։ Ամենաշատ բացակա ստացած պատգամավորներն են նաեւ Հարություն Փամբուկյանը (ՀՀԿ)` 237 անգամ, Ալվարդ Պետրոսյանը (ՀՅԴ)` 234, Աշոտ Ափոյանը (ՀՅԴ)՝ 234, Գագիկ Ծառուկյանը (Բարգավաճ Հայաստան)՝ 230։ Առաջին տասնյակում են նաեւ Լեւոն Սարգսյանը, Տիգրան Արզաքանցյանը, Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը։
Ընդդիմադիր պատգամավորներից բավական շատ բացակայություն ունի նաեւ Զարուհի Փոստանջյանը՝ 144։
Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ մի բացակայություն չունի։ Բացակայություններ չունեն նաեւ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մելիքյանը եւ մի քանի այլ պատգամավորներ։
Հատկանշական է, որ Ռ. Հայրապետյանը թեեւ մասնակցել է նիստերից մեկին, այնուամենայնիվ չի քվեարկել։ Որեւէ քվեարկության չեն մասնակցել նաեւ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Սարգսյանը, Ալվարդ Պետրոսյանը, Աշոտ Ափոյանը։
Իսկ ահա հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը հասցրել է 5 օրինագծի վերաբերյալ կողմ քվեարկել, այդ թվում՝ 2011 թ. պետական բյուջեի նախագծի։ Նա նաեւ կողմ է արտահայտվել դաշնակցության ներկայացրած նախագծերից մեկին, որով փոփոխություններ պետք է կատարվեին «Գովազդի մասին» օրենքում, որով հայերենը սահմանվել է որպես գովազդի լեզու։





























