ԱՄՆ դատարանը Թուրքիային 21 օր ժամանակ է տվել ամերիկահայերի հայցին արձագանքելու համար, որով նրանք փոխհատուցում են պահանջում Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած ունեցվածքի դիմաց: Այս մասին թուրքական Hurriyet թերթին հայտնել է հայցը ներկայացնող փաստաբան Վարդգես Եղիայանը:
Ցեղասպանության զոհերի ժառանգները պնդում են, որ Թուրքիայի կառավարությունը տասնյակ հեկտարներով հողատարածքներ է յուրացրել եւ դրա դիմաց փոխհատուցում են պահանջում` 64 մլն դոլարի չափով: Այդ հողատարծքները գտնվում են Կիլիկիայում` Ադանայի շրջանում, որտեղ հիմա գտնվում է ամերիկյան Ինջիրլիք ռազմակայանը:
«Այս հայցը կարեւոր է ոչ միայն հայերի, այլ նաեւ միջազգային հանրության համար»,- ասել է Եղիայանը եւ կարծիք հայտնել, որ դա նախադեպ կդառնա եւ ուղի կբացի նմանատիպ այլ հայցերի համար:
«Թուրքական պետությունը եկամուտներ է ստանում այդ սեփականության շահագործումից եւ նրանք պետք է պատասխան տան իրենց քայլերի համար»,- Hurriyet-ին ասել է հայ փաստաբանը, ով նախկինում շահել է ապահովագրական ընկերությունների դեմ ցեղասպանության զոհերի ժառանգների ներկայացրած բազմամիլիոնանոց հայցի հիման վրա տեղի ունեցած դատը:
Այս անգամ, հայցվորները դատի են տվել ոչ թե մասնավոր ընկերության, այլ Թուրքիայի կառավարությանը եւ Թուրքիայի խոշորագույն երկու բանկերին, որոնցից մեկը այդ երկրի կենտրոնական բանկն է:
«Թուրքիան խախտել է միջազգային օրենքները, յուրացնելով սեփականատերերի ունեցվածքը: Բացի այդ, Թուրքիան խախտել է սեփական Սահմանադրությունը եւ Լոզանի պայմանագիրը: Իսկ ամենագլխավորըն այն է, որ հետագայում այդ տարածքները անօրինականորեն օգտագործվել են եկամուտ ստանալու համար»,- ասել է Վարդգես Եղիայանը:
Դատական հայցը ներկայացվել է ցեղասպանության զոհերի 3 ժառանգների կողմից: Նրանք են Ալեքս Բակալյանը, Անաիս Հարությունյանը եւ Ռիտա Մահտեսյանը, սակայն փաստաբանը չի բացառել, որ հետագայում հայցին կմիանան տասնյակ այլ ամերիկահայեր:





























