ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր տարածաշրջանային ուղեւորությունը սկսել է Իսրայելից, որի ընթացքում այցելելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն եւ Սուդան։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի օդանավը երկուշաբթի վայրէջք է կատարել Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում, փոխանցում է Al Hadath հեռուստաալիքը։

«Պոմպեոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կքննարկի ԱՄԷ-ի հետ առաջիկա համաձայնագիրը, բանակցությունների մյուս թեման է սպառնալիքը, որ բխում է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունից»,- հեռուստաալիքին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։

Վաշինգտոնի հովանու ներքո Իսրայելի եւ ԱՄԷ-ի պատվիրակությունները շուտով կարող են ստորագրել երկկողմ համաձայնագրեր, այդ թվում՝ ներդրումների, տուրիզմի, ուղիղ ավիաչվերթների, անվտանգության, հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի եւ դեսպանությունների փոխադարձ հիմնադրման մասին։ ԱՄԷ-ի ԱԳ նախարար Անվար Մուհամմեդ Գարգաշը հայտարարել է, որ իր դինամիկ զարգացող երկիրը փորձում է նաեւ հաղթահարել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ճանապարհին եղած խոչընդոտները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին հայտնել էր, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն երկկողմ հարաբերությունների լիակատար նորմալացման համաձայնության են հասել։ Պայմանավորվածությունների համաձայն՝ Իսրայելը դադարեցնելու է իր ինքնիշխանության տարածումը Հորդանանի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով։ Պաղեստինի ղեկավարությունը չափազանց խիստ է արձագանքել Աբու Դաբիի քայլին՝ այն անվանելով «դավաճանություն եւ արաբական խաղաղ նախաձեռնության կործանում»։