Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սկոլկովո ինովացիոն կենտրոնում իր առաջին մեծ մամուլի ասուլիսն է կազմակերպել, որին մասնակցել են ավելի քան 800 ռուս եւ արտասահմանցի լրագրողներ: Նախագահն անձամբ է վարել ասուլիսը, նախապես ներողություն խնդրելով, որ մատով պետք է ցույց տա, թե ում հետ է ուզում խոսել, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
Մեդվեդեւին հասցրել են տալ 34 հարց:
Ամենագլխավոր հարցը եղել է այն, թե ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ նախագահը առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ: Մեդվեդեւը պատասխանել է, որ եթե առաջադրվի նախագահի թեկնածու, կհենվի այն կուսակցության վրա, որն իրեն նախագահի թեկնածու է առաջադրել նախորդ անգամ:
Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ իր հարաբերությունները վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ դա «ուղղակի տանդեմ չէ»: «Իմ հարաբերություններն իմ գործընկեր Պուտինի հետ, դա ուղղակի տանդեմ չէ, դրանք 20 տարվա պատմություն ունեն: Մենք իսկապես համախոհներ ենք»,- ընդգծել է Մեդվեդեւը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ եւ ինքը, եւ Պուտինը որոշեն 2012-ին առաջադրվել նախագահի թեկնածու, ՌԴ նախագահը պատասխանել է. «Ցանկացած քաղաքական որոշում պետք է հստակ հաշվարկվի: Դա խաղալիք չէ, մեր ձեռքում հսկայական մարդկանց ճակատագիր է: Հույս ունեմ, որ մենք համապատասխան որոշում կայացնելիս կղեկավարվենք երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատու մոտեցմամբ»:





























