Մայիսի 18-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ եւ քննարկել ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ժամանակ կարեւորվել է Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը եւ դրա խորացման անհրաժեշտությունը, հավատարմությունը համամարդկային արժեքներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն եւ ազատ շուկայական տնտեսություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին շրջանում Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներին, մասնավորապես ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության ծավալման հնարավորությանը, որը ստեղծվում է Հայ ազգային կոնգրեսի բարձրացրած 3 պահանջների բավարարման հետեւանքով:

Առաջին նախագահը հանգամանալից ներկայացրել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղելու կենսական անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ երկիրը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է:

Մանրամասնորեն քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: