Իսրայելի Կնեսետն իր մայիսի 18-ի նիստում որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ուղարկել կրթության հանձնաժողովին:

ՀՅԴ Հայ դատի Երուսաղեմի կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ այդ նիստին մասնակցող 20 պատգամավորներն ու ներկա կառավարության անդմաները միաձայն հավանություն են տվել որոշմանը:

Հայ դատի Երուսաղեմի կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Սեւանը այդ որոշումը դրական տեղաշարժ է համարել ցեղասպանության ճանաչման հարցում: Ավելի վաղ Կնեսետը որոշել էր այդ հարցը քննարկել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի  նիստերն անցնում են դռնփակ: Հայկական կողմին մտահոգում է այն, որ նման պայմաններում հանձնաժողովը կարող է բացասական եզրակացություն տա խորհրդարանին:

Իսրայելի կրոնի նախարար Յաակով Մարգին հայտարարել է, որ այդ հարցը պետք է թողնել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, իսկ Իսրայելը պետք է աջակցի Հայաստան-Թուրքիա երկխոսությանը:

Նշենք, որ Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Կնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան: