Մի քանի հազար կանայք ժամը 16:00-ի սահմաններում սկսել են «Կանանց երթ» բողոքի ակցիան Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում՝ Հաղթանակի հրապարակում, իրադարձությունների վայրից հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Հավաքվածները ձեռքներին տանում են ծաղիկներ եւ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ, ինչպես նաեւ վանկարկում են «Ամոթ», «Չենք մոռանա, չենք ների», «Կեցցե Բելառուսը»:
Ցուցարարները նախատեսել էին երթով անցնել Անկախության պողոտայով, սակայն նրանց ճանապարհը միկրոավտոբուսներով փակել են։
Ոստիկանությունը կոչ է արել ազատել պողոտայի երթեւեկելի մասը, բայց որոշ ժամանակ կանայք շարունակել են այնտեղով քայլել: Իրավապահները մեգաֆոնների միջոցով հավաքվածներին կոչ են արել չխախտել հասարակական կարգը եւ դադարեցնել չարտոնված ցույցը: Ցուցարարների ճանապարհին մայթերի երկայնքով կանգնած են ավտոզակեր եւ ոստիկանական մեքենաներ:











