Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Ասիական Զարգացման Բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլն այսօր` մայիսի 19-ին վարկային պայմանագրի շրջանակներում համաձայնագիր են ստորագրել քաղաքային ենթակառույցների եւ կայուն քաղաքային զարգացման ծրագրի վերաբերյալ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բազմափուլ ֆինանսավորմամբ ծրագրի առաջին մասնաբաժինը 60 մլն դոլար արժողությամբ, հատկացվելու է Երեւան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման համար:

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է առաջիկա երեք տարում կառուցել 5.6 կմ ճանապարհ, 3 էստակադա, Հրազդան գետի վրայով 140 մ երկարությամբ կամուրջ եւ տարբեր անցուղիներ, ուղետարներ ու հենապատեր: Շրջանցիկ ճանապարհներ կկառուցվեն Արտաշատի մայրուղին Շիրակի փողոցին միացնող հատվածում` շրջանցելով Նորագավիթը: Նոր ճանապարհ կկառուցվի նաեւ Շիրակի փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածում:

Շրջանցիկ ճանապարհների կառուցումը զգալիորեն կբեռնաթափի քաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից, անմիջական կապ ստեղծելով հարավային ուղղության` Արտաշատ, Էջմիածին երկու մայրուղիների միջեւ: Բացի այդ ապահովելով մայրաքաղաքի պատշաճ կապը Հյուսիս-Հարավ մայրուղու հետ, այն որոշակի դերակատարություն կունենա նաեւ Հյուսիս-Հարավ մայրուղու երկու առանձին հատվածների միացման հարցում: