Իր ռազմական ներուժը զարգացնելու ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, ինչը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Պատասխանելով այն հարցին, թե որոշ երկիմաստություն տեսնո՞ւմ է այն փաստում, որ Ռուսաստանը համագործակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ` հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին սրումը, նախարարը նշեց, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում ակտիվորեն համագործակցում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ, Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են: «Մեր հարաբերությունները բավականին լայն ընդգրկում ունեն: Մեր հարցազրույցը սահմանափակված է դրա շրջանակներում` նախանշելու համար հայ-ռուսական փոխգործակցության հարցերի ամբողջ շրջանակը, որը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, ներառյալ` փոխգործակցությունը անվտանգության հարցերում: Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխգործակցություն է: Այնպես որ, այստեղ հարցեր կամ սահմանափակումներ չեն կարող լինել»,- նշեց նախարարը:

Հարցին, թե ճի՞շտ է, որ ռազմական համագործակցությունը սկսեց աճել հուլիսյան սրացումից հետո, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցությունը հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա եւ իրականացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա համաձայնագրերի, պայմանավորվոծությունների եւ աշխատանքային ծրագրերի հիման վրա: Ռուսաստանը չի խախտում հավասարակշռությունը տարածաշրջանում: Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը ոչ մի կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ, հիշեցրեց արտգործնախարարը:

«Ձեզ չի՞ խանգարում, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում է նաեւ Ադրբեջանի հետ»,- հետաքրքրվեց լրագրողը: «Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության իր տրամաբանությունն ունի, այն կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ այս ոլորտում համագործակցությանը, նշեմ, որ Ադրբեջանը ամեն կերպ ուժեղացնում է իր ռազմական ներուժը՝ փորձելով համոզել իր բնակչությանը եւ համաշխարհային հանրությանը, որ ունի ներուժ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար: Եվ դա մատուցվում է այն իմաստով, որ Ադրբեջանը «զիջում է» Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին՝ ռազմական գործողություններ չսկսելով, փոխարենն ակնկալելով բանակցային գործընթացում հայկական կողմերի «միակողմանի զիջումներ»: Իր ռազմական ներուժը զարգացնելու ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, որը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար»,- պատասխանեց ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանը ռուսական կողմի հետ բաց եւ անկեղծորեն քննարկում է բոլոր հարցերը՝ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք: