Մինսկում այսօր` մայիսի 19-ին բացվել է ԱՊՀ անդամ-երկրների վարչապետների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդի նիստում արծարծված կարեւորագույն հարցերից է եղել Ազատ առեւտրի գոտու պայմանագրի նախագիծը: Հիմնականում փաստաթուղթն ընդունվել է որպես հիմք, նշվել է, որ դրա գաղափարախոսությունն ընդունելի է բոլոր կառավարությունների համար, բայց տեխնիկական մակարդակով պետք է քննարկվեն մաքսային տուրքերի, մաքսային վճարների սահմանափակումների խնդիրները:
«Հայաստանն այս պահի դրությամբ որեւէ վիճահարույց հարց չունի այդ փաստաթղթի հետ կապված, եւ մենք պատրաստ էինք այն ստորագրել նույնիսկ այսօր, բայց քանի որ փաստաթուղթը պետք է ընդունվի կոնսենսուսով, մի խումբ երկրներ առաջարկեցին, որ լրացուցիչ քննարկվի եւ հաջորդ` հոկտեմբերյան հանդիպմանը, որ տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում, ստորագրվի վերջնական տեքստով»,- նշել է Տիգրան Սարգսյանը:





























