ԱՊՀ երկրներում ազատ առեւտրի մասին համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի այս տարվա հոկտեմբերին՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է РБК-ն, այս մասին Մինսկում մայիսի 19-ին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը։ Նրա խոսքով՝ Մինսկում կայացած խորհրդի նիստում հնարավոր չի եղել մինչեւ վերջ համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը։
«Որոշվել է, որ նախագիծը կքննարկվի ԱՊՀ երկրների տնտեսական խորհրդի նիստում, որը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկով կանցկացվի հոկտեմբերին՝ Սանկտ-Պետերբուրգում»,- ասել է նա։
Լեբեդեւը նշել է, որ նախագծի հաստատմանը խոչընդոտել են Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի պատվիրակները։ «Պետք է նշել, որ կողմերը դեմ չեն նման փաստաթղթի գոյությանը հետագայում։ Փոխհամաձայնություն հնարավոր է, եւ անհրաժեշտ է հասնել դրան»,- ընդգծել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը։




























