Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով լավագույն թվային լուծումների մրցույթ է հայտարարել: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Հայտերի ընդունման ժամկետը 1 ամիս է, հայտերը կարող են ներկայացվել www.eabr.org կայքում: Միակ պահանջը գաղափարներն են, որոնք կարող են իրականացվել Եվրասիական տնտեսական միության առնվազն երկու երկրների մակարդակով: Օրինակ, դրանք կարող են լինել պանդեմիայի պայմաններում երկրների փոխգործակցության ակտիվացման հարցով լուծումները:  Աջակցման ձեւը կարող է լինել տարբեր՝ ելնելով նախաձեռնությունից: Դա կարող է լինել դրամաշնորհ, վարկ, մասնակցություն ձեռնարկության կապիտալում եւ այլն»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ հիմնադրամի նպատակն է աջակցել ԵԶԲ անդամ պետություններին թվային տրանսֆորմացիաների պրակտիկայի եւ գործիքների ձեւավորման համար:

«Արդեն ստեղծվել է համապատասխան իրավական բազա, եւ այժմ մենք անցել ենք կոնկրետ նախաձեռնությունների իրականացմանը, որոնք առաջարկում են անդամ պետություններն ու մասնավոր սեկտորը: Տվյալ փուլում մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք թվային լուծումների որոնման վրա, ընդ որում, ցանկացած ոլորտում, այդ թվում՝ առողջապահության, վարչարարության եւ այլն: Սահմանափակումներ չկան: Հիմնադրամի բալանսում կա 10 մլն դոլար, սակայն միջոցները, որով մենք կարող ենք գործել, ավելին են: Ամեն ինչ կախված է նախաձեռնությունից»,-հավելեց Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ հիմնադրամի առաջին նախաձեռնությունը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին: