Բրյուսելը մտադիր է խստացնել Մինսկի դեմ պատժամիջոցները, եթե Բելառուսի ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չարձագանքի ԵՄ պահանջներին:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են շաբաթ օրը:
«Որպես ԵՄ` մենք չենք ճանաչում ընտրությունները եւ որոշում ենք կայացրել պատժամիջոցների վերաբերյալ, որոնք այժմ կիրականացնենք: Եթե Լուկաշենկոն չարձագանքի, նոր պատժամիջոցներ կներդրվեն»,- նախազգուշացրել է Մաասը: «Ես պահանջում եմ, որպեսզի Լուկաշենկոն բանակցություններ վարի ընդդիմության հետ, կրկնի ընտրությունները եւ որպեսզի անմիջապես դադարեցնի ձերբակալությունները եւ բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, որպեսզի հարգի մարդու իրավունքներն ու մամուլի ազատությունը»,- ասել է գերմանացի նախարարը:
Ուրբաթ Die Welt թերթը, վկայակոչելով իր սեփական աղբյուրները, հաղորդել էր, որ Լուկաշենկեն չի ընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցուցակում առաջին հերթին Գերմանիայի դիրքորոշման պատճառով, քանի որ Բեռլինը մտավախություններ ունի, որ նրա ընդգրկումը սեւ ցուցակում Մինսկի հետ երկխոսության ամբողջական դադարեցում կնշանակի:
Օգոստոսի կեսերին հայտնի էր դարձել, որ Բելառուսում բողոքի ցույցերի կապակցությամբ ԵՄ-ն քննարկում է բելառուսական 15-20 պաշտոնյայի ցուցակը, որոնց կարգելվի մուտքը համայնքի տարածք եւ մուտքը եվրոպական բանկային համակարգ: Մարդու իրավունքների խախտումների համար Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներն ուժի մեջ էին 2004-ից 2016 թվականներին, տարիների ընթացքում սեւ ցուցակն ընդլայնվում եւ նրճատվում էր` երբեմն հասնելով մինչեւ 130 մարդու: 2008-ի սեպտեմբերին Եվրամիությունը սառեցրել էր պատժամիջոցները, բայց վերսկսել էր դրանք եւ նույնիսկ խստացրել 2010-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:




























