Մոսկվայում ադրբեջանցի դպրոցականի կողմից սպանված հայ դեռահաս Էդուարդ Մարկարյանի ընտանիքը կրկնակի փորձագիտություն  իրականացնելու համար դիմել է անկախ փորձագիտական մարմնին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  այս մասին հայտնեց ընտանիքի փաստաբան Արթուր Մարկարյանովը։

Նա նշել է, որ փորձագիտական բյուրոն, ուր դիմել է Էդիկի ընտանիքը, բավական  հեղինակավոր է, եւ եզրակացությունը կտրվի բարձր որակավորում ունեցող մի քանի փորձագետների կողմից։ Փաստաբանը հրաժարվել է ասել՝ փորձագիտական ո՞ր բյուրոյին է դիմել տղայի ընտանիքը, որպեսզի ադրբեջանցի դեռահասի բարեկամներն այս անգամ էլ «ձեռք չխառնեն» փորձագիտության արդյունքներին։ Բանն այն է, որ նախորդ փորձագիտությունն ադրբեջանցիների միջամտության պատճառով սուբյեկտիվ  եւ ոչ պրոֆեսիոնալ էր ստացվել։ Առաջին փորձագիտությունը «ցույց էր տվել», որ դեռահասը մահացել է ոչ ադրբեջանցու հարվածի պատճառով։

Փաստաբանի խոսքով, անկախ փորձագիտության  արդյունքերը պատրաստ կլինեն մեկ ամսից եւ կհանձնվեն իրավապահ մարմիններին:

Արթուր Մարկարյանովը տեղեկացրել է նաեւ, որ գալիք շաբաթ ռուսական ТВЦ հեռուստաալիքով, «Կյանքի մասին» ծրագրում կցուցադրվի ադրբեջանցի դեռահաս Մամեդի կողմից սպանված Էդուարդ Մարկարյանի սպանության սյուժեն։ Սյուժեն պատրաստված է եւ կցուցադրվի «Դպրոցական դաժանություն» խորագրում։

Նշենք, որ Մոսկվայի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը Մոսկվայի 501 դպրոցում Մամեդի կողմից սպանվել էր 2010 թվականի սեպտեմբերի 7-ին:  Վիճաբանությունը նրանց միջեւ սկսվել էր դեռ առավոտյան, եւ տղաները պայմանավորվել էին հանդիպել դասերից հետո։ Ծեծկռտուքի ժամանակ ըմբշամարտով զբաղվող Մամեդը, ականատեսների վկայությամբ, Էդգարին ուժեղ եւ դիպուկ հարվածներ է հասցրել, որոնք նրա մահվան պատճառ էին դարձել։ Որոշ տվյալներով, Մամեդն այդ օրը հարբած է եղել։