Ի՞նչն է խանգարում, որ պետական կառավարման մարմինները աշխատեն բացառապես անկանխիկ` բանկային քարտերի միջոցով: Այս հարցը վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 20-ի կառավարության նիստի ընթացքում ուղղեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, սակայն այդպես էլ պատասխան չստացավ:
Նշենք, որ կառավարությունը ֆինանսների նախարարության ներկայացմամբ հաստատեց ՀՀ Նախագահի եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2011թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները։
Այդ պետական մարմիններից միայն կառավարությունն է 100 տոկոսով աշխատում անկանխիկ: Իսկ կանխիկ ծախսումների ամենամեծ չափաբաժինը նախատեսված է ԱԺ աշխատակազմի համար` 125 մլն դրամ, որը նրանց տարեկան բյուջեի 4.6 տոկոսն է: Ընդ որում` ԱԺ աշխատակազմը նախորդ տարվա համեմատ ավելացրել է կանխիկի նկատմամբ հայտը: Համեմատության համար նշենք, որ նախագահի աշխատակազմը ընդամենը 8 մլն դրամի կանխիկի հայտ է ներկայացրել` նախորդ տարվա 91 մլն դրամի համեմատ:
Վարչապետ Տ. Սարգասյանը ֆինանսների նախարարությունից պահանջեց բացատրություններ ներկայացնել կանխիկ գործարք կատարող գերատեսչությունների վերաբերյալ, եւ հասնել այն բանին, որ պետական միջոցներով նման գործարքներ չկատարվեն։



























