G7- ի արտգործնախարարները ամենավճռական կերպով դատապարտել են ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու «հաստատված թունավորումը»:
«Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ Եվրամիության Գերագույն ներկայացուցիչը միակարծիք ենք Ալեքսեյ Նավալնու հաստատված թունավորումը ամենավճռական կերպով դատապարտելու հարցում»,- ասված է հայտարարության մեջ:
Գերմանիան G7-ին տեղեկացրել է, որ Նավալնին «Ռուսաստանի կողմից մշակված «Նովիչոկ» խմբից նյարդապարալիտիկ ազդեցության քիմիական թունավոր նյութի կիրառմամբ հարձակման զոհ է»,- ասված է G7-ի հայտարարության մեջ:
«Քիմիական զենքի օգտագործումը ցանկացած վայրում, ցանկացած պահի, ցանկացած մեկի կողմից եւ ցանկացած պարագայում անընդունելի է եւ հակասում է այդպիսի զենքի օգտագործումը արգելող միջազգային նորմերին»,- ասվում է հայտարարության մեջ` կոչ անելով Ռուսաստանին պարզել, թե ով է պատասխանատու «այս սարսափելի թունավորման համար»: «Մենք կշարունակենք ուշադիր հետեւել, թե ինչպես է Ռուսաստանը արձագանքում Նավալնու սարսափելի թունավորումը բացատրելու միջազգային կոչերին»,- ասված է հաղորդագրության մեջ:





























