Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը։
«Գերատեսչության պաշտոնական կայքը՝ mes.am-ը, գրեթե պատրաստ է։ Այն ազգաբնակչությանը հասանելի կլինի շատ մոտ ապագայում՝ ամենաուշը մեկ ամսից։ Կայքի ստեղծմանն օժանդակել է ՄԱԿ-ը։ Այդ աշխատանքները տեւել են շուրջ երկու ամիս եւ նախարարության համար արժեցել 2-2,5 մլն դրամ»,-ամփոփեց Նիկոլայ Գրիգորյանը։
Նշենք, որ Հայաստանի պետական մարմիների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին մոնիթորինգ է անցկացրել։ Վարկանիշային ցուցակում չեն ներառվել միայն ԱԻՆ եւ Հայաստանի ԱԱԾ պաշտոնական կայքերը, քանի որ մարմիններից առաջինն ընդհանրապես կայք չունի, իսկ մյուսն իր էությամբ փակ կառույց է։




























