Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ոստիկանության կողմից բեդուին Յակուբ Աբու ալ-Քիյանի սպանությունից երեք տարի անց ներողություն է խնդրել այդ արարքի համար, գրում է Haaretz- ը:

Երեքշաբթի Նեթանյահուն ներողություն է խնդրել ալ-Քիյանի ընտանիքից մեկ օր անց այն բանից հետո, երբ իսրայելական 12 News հեռուստաալիքը հրապարակել էր իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրությունը, ովքեր կրակ բացելու ժամանակ վարքի կանոնների խախտում էին հայտնաբերել:

«Նրանք ասել էին, որ նա ահաբեկիչ էր: Մենք երեկ պարզեցինք, որ նա ահաբեկիչ չէր»,- ասել է Նեթանյահուն` նշելով, որ իրավապահները «նրան (մահացածին) ահաբեկիչ էին դարձրել` իրենց պաշտպանելու եւ ինձ ցավ պատճառելու համար»:

Պարբերականը նշում է, որ Իսրայելի վարչապետի հայտարարությունն արվել է երկրի իրավապահ մարմիններին ուղղված մեղադրանքների ֆոնին: Իսրայելի նախկին պետական ​​դատախազ Շայ Նիցանը, ով պաշտոնը լքել էր 2019-ի դեկտեմբերին, պարբերաբար սուր քննադատության էր ենթարկվում` կոռուպցիայի, խարդախության եւ վստահության չարաշահման մեջ մեղադրվող Նեթանյահուի դեմ դատական ​​գործընթացում իր դերի համար:
2017-ի հունվարին ոստիկանությունը կրակ էր բացել դպրոցի տնօրենի օգնական Աբու ալ-Քիյանի ավտոմեքենայի վրա չգրանցված բեդուինական Ում ալ-Հիրան գյուղի քանդման ժամանակ: Դրա պատճառով ավտոմեքենան մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկել ոստիկան Էրեզ Լեւիին, ով տեղում մահացել էր: