Ադրբեջանցի մարդասպան-սպա ռամիլ սաֆարովի գործի վերաբերյալ հայցի առնչությամբ ՄԻԵԴ որոշումը առաջին հերթին վնաս է հասցնում եվրոպական դատական բարձր ատյանին: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի համար մեկնաբանելով ՄԻԵԴ որոշումը:
Ինչպես ընդգծեց Բաբայանը, եթե նույնիսկ իրավական տեսանկյունից կատարվածը դիտարկենք որպես անձամբ ռամիլ սաֆարովի արարք, ապա պետք է հիշել, թե ինչ գործընթացներ են ծավալվել այդ հանցագործության շուրջ, որքան գումար եւ ջանք է ներդրել Ադրբեջանը նրան Հունգարիայի բանտից դուրս բերելու, հայրենիք հասցնելու, հերոսացնելու, փոխհատուցելու համար:
«Սա ֆաշիստական քաղաքականության շարունակությունն է: Նացիզմի եւ ֆաշիզմի սարսափները վերապրած Եվրոպան պետք է ուշադիր լինի նման դրսեւորումների նկատմամբ: Այսօր դա անհավանական է թվում, բայց եթե այսպես շարունակվի, վաղը բացառված չէ, որ Նյուրնբերգի դատավարություններում դատապարտվածների սերունդները պահանջեն արդարացնել իրենց արյունարբու նախնիներին: Ուստի նման գործողություններն անթույլատրելի են, դրանք լուրջ հարված են հասցնում ՄԻԵԴ-ի եւ, ընդհանուր առմամբ, եվրոպական ժողովրդավարական համակարգի անաչառությանը: Սա ինքնին շատ տագնապալի իրադարձություն է: Հիմա հուսանք, որ, այնուամենայնիվ, Եվրոպան, եվրոպական ինստիտուտները իրենց մեջ ուժ կգտնեն հետեւելու օրենքի տառին, ժողովրդավարական սկզբունքներին եւ մասնավորապես փիլիսոփայությանը: Քանի որ փաստացի այս փուլում ՄԻԵԴ-ը անտեսեց Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի հերոսացումը եւ այդպիսով խրախուսեց նման քաղաքականությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:
«Ցավալի է, որ այն ժամանակ սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո ոչ մի եվրոպական կառույց ձայն չբարձրացրեց մարդասպանի հերոսացման դեմ: Իսկ մարդասպանին հերոսացրեցին պետական մակարդակով՝ դարձնելով քաղաքականության խորհրդանիշ, օրինակելի երեւույթ: Եվ եղան հետեւորդներ՝ հիշենք 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ հայ զինծառայողների մարմինների անդամահատման բացահայտ փաստերը, սպանված ծերերի մարմինների ծաղրումը»,- եզրափակեց Բաբայանը:





























