Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին ելույթ է ունեցել Վաշինգթոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում Նալբանդյանը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները, մանրամասն անդրադարձել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին:

Հայաստանի ԱԳ նախարարն այցելել է ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին իր բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորել Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի եւ նրա ղեկավարների մեծ ներդրումն ու դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում:

Կոնգրեսականը ներկայացրել է հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեց, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է եւ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման:

Ֆրենկ Փալոնի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննարկել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ: 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որի հետ քննարկել է առաջիկայում ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելությանն առնչվող հարցեր:

Վաշինգտոնից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ նրանց գործունեությանն առնչվող հարցեր: