Թերթը գրում է, որ Հայաստանը ներկայացավ Գերմանիայի տնտեսական կենտրոնում:

«Համառոտ հենց այսպես կարելի է անվանել մայիսի 19-ին Գերմանիայի Կառլսռուհե քաղաքում կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտի գերմանա-հայկական համաժողովը (Deusch-Armenische IT& Engineering Konferenz), որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, երկու երկրների բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտական ոլորտը ներկայացնող ընկերություններ ու ձեռնարկատերեր:

Համաժողովը կազմակերպել էին ՀՀ տնտեսության նախարարությունը, Կառլսռուհեի Առեւտրի եւ արդյունաբերության պալատը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Հայաստանյան երկու տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների համար Կառլսռուհեի Առեւտրի եւ արդյունաբերության պալատում անցկացված երեքժամյա անգլիալեզու համաժողովը հրաշալի առիթ էր նախ ներկայացնելու Հայաստանը՝ որպես ներդրումների համար գրավիչ, մեծ ու դեռեւս չյուրացված հնարավորություններով երկիր, որի օրենսդրական բարենորոգվող դաշտը նպաստավոր պայմաններ է ստեղծում այնտեղ գործարության զարգացման համար, ապա՝ փաստերով ներկայացնելու ոլորտում ունեցած իրենց հաջողությունները՝ համագործակցության հնարավոր նոր հասցեներ որոնելու հույսով:

Կառլսռուհեի տեխնոլոգիական տարածաշրջանը Եվրոպայի կենտրոնում գտնվող եվրոպական խոշոր տեխնոլոգիական կենտրոն է՝ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք նորարար ընկերությունների եւ հետազոտական կենտրոնների համար վաղուց ճանաչելի ու վստահելի այցեքարտ: Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասը (մայրաքաղաքը՝ Շտուտգարտ), որտեղ գտնվում է Կառլսռուհեն, ոչ միայն ԳԴՀ ամենագեղեցիկ շրջաններից է, այլեւ երկրի ազդեցիկ, հզոր տնտեսական կենտրոնը»,- գրում է «Ազգը»: