Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը պետք է դիտարկել երկրում առկա ներքաղաքական մթնոլորտը լիցքաթափելու նրա՝ ավելի վաղ արած հայտարարության պրիզմայում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ համաներում հայտարարելուց հետո ազատ կարձակվեն նաեւ 2008 թվականի մարտի 1-ի գործով ձերբակալվածները։

Զոհրաբյանի խոսքով, սպասվելիք համաներումը վերջնականապես կլիցքաթափի երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտը եւ կբարձրացնի երկրի հեղինակությունը։ «ԲՀԿ-ն միշտ ասել է, որ երկրում պետք է քաղաքական այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ անգամ ամենադժվար հարցերը լուծվեն համերաշխության մթնոլորտում»,- նկատեց պատգամավորը։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին դիմել էր Ազգային ժողովին` համաներում հայտարարելու առաջարկով:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: